Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտ...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման: Նախարար Միրզոյանին ողջունել և քննարկումը վարել է կենտրոնի տնօրեն Ֆրեդրիկ Լոյդքվիստը, քննարկմանը մասնակցել են փորձագիտական ու քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ՀՀ անկախության, ինքնիշխանության, դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցերի, նոր գործընկերությունների զարգացման, լայն աշխարհագրությամբ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններին ու հեռանկարներին։

Հայաստան-Շվեդիա օրակարգի զարգացմանն անդրադարձ է կատարվել թե՛ երկկողմ քաղաքական երկխոսության, թե՛ ԵՄ հետ գործընկերության խորացման համատեքստում։ ՀՀ-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծվել են արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ակնկալիքները՝ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին համահունչ։

Իր խոսքում, ինչպես նաև հարցուպատասխանի ձևաչափով նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում զարգացումների դինամիկային և անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, կայուն խաղաղության հաստատման հեռանկարներն ու այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

Տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ որպես ենթակառուցվածքների գլոբալ ցանցի հնարավոր կարևոր բաղադրիչ:

Հանդիպման վերջում ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։