Միրզոյանը Կոպենհագենում այցելել է «Կանաչ պետո...

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին Կոպենհագենում այցելել է «Կանաչ պետություն» (State of Green) ընկերություն: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարար Միրզոյանը ծանոթացել է ընկերության գործունեությանը, նորարարական տեխնոլոգիաների և լուծումների միջոցով կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ Դանիայի գրանցած նշանակալի ձեռքբերումներին, ապագա կայուն զարգացման տեսլականին, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններին։ 

Լինելով Դանիայի կառավարության և երկրի երեք` արդյունաբերության, կանաչ տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներում առաջատար բիզնես միությունների միջև գործընկերության հաջողված օրինակ՝ ընկերությունը միավորում է պետական և մասնավոր հատվածները՝ ավելի քան 600 պետական մարմինների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, ակադեմիական հաստատությունների, փորձագետների և հետազոտողների ներգրավմամբ։ 

Ի թիվս այլ ուղղությունների, որպես կանաչ տնտեսության զարգացման կարևոր գրավական՝ ընկերությունն ուշադրություն է դարձնում նաև կենսաբազմազանության ոլորտի առանձնահատկություններին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանի այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համաժողովների շրջանակներում համագործակցության հարցերի, ընկերությունը ներկայացված կլինի մյուս տարի Երևանում անցկացվելիք համաժողովին՝ համապատասխան գործարար շրջանակների ներգրավմամբ։