Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագիրն անթու...

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում խուզարկությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, և դրա արդյունքում ձեռք բերված օրագիրն անթույլատրելի ապացույց է»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստին հայտարարեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Անձի բնակարանում խուզարկությունը կատարվում է այդ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի ներկայությամբ, մինչդեռ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրում իրականացված խուզարկությանը ո՛չ Աջապահյանը, ո՛ չ նրա օրինական ներկայացուցիչ ներկա չի եղել»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողը հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրագրի բովանդակությունը․ օրագիրը հայտնաբերվել էր նրա  կեցավայրում իրականացված խուզարկության արդյունքում։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նտսավայրում մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայլել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով չորրորդ դատական նիստը։

Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։