ՄԻՊ–ն անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի մասնակ...

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ միջադեպին:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում,  պատասխանելով թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքին, էթիկայի հետ կապված հարցերին, ՄԻՊ–ը հայտնեց, որ կառավարության նիստին լինելու պատճառով դեռևս չի հասցրել ծանոթացել տեղեկատվությանը: 

Անդրադառնալով թաղապետին վերագրվող, նախորդ օրը տարածված հեռախոսազրույցին՝ Մանասյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի և բարեվարքության գնահատման ինստիտուտն է, որը միանշանակ չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի: Կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով: Ըստ էության, ՄԻՊ հաստատությունը չէ, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով: Բայց նաև համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ, հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն: Բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով  պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա»: 

Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել ու Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։  Չախոյանն ավելի վաղ ահազանգել էր, որ ՆորՆորքի թաղապետը զանգել է իրեն ու հայհոյանքներ հնչեցրել: