ՄԻՊ-ի ներկայացուցիչներն Աթենքում մասնակցել են...

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները ևս մեկ անգամ հնարավորություն են ունեցել միջազգային հարթակում ներկայացնելու իրենց տեսակետներն ու դիրքորոշումը ապագայի վրա ներազդող հարցերի առնչությամբ։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամներ՝ Տիգրան Մանուկյանը և Մարիամ Ղարագյոզյանը, հոկտեմբերի 1-3-ը Աթենքում մասնակցել են Աթենական ժողովրդավարության ֆորումի (Athens Democracy Forum) մաս կազմող Պատանիների աթենական ժողովրդավարության ֆորումին (Teens Athens Democracy):

Երեխաներին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը:

Ֆորումի ընթացքում երեխաները ներկայացրել են իրենց դիրքորոշումը խորհրդակցական ժողովրդավարության դերի, սոցիալական մեդիայի, արհեստական բանականության օգտագործման բացասական և դրական ազդեցության, անձնական տվյալների պաշտպանության և մի շարք այլ կարևոր հարցերի առնչությամբ, մասնակցել են ոլորտի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակման աշխատանքներին, հադես են եկել ելույթներով:

Պատանիների աթենական ժողովրդավարության ֆորումի շրջանակում երեխաների կողմից մշակված առաջարկությունները ներկայացվել և քննարկվել են Աթենական ժողովրդավարության ֆորումի ընթացքում։

Պաշտպանը կարևորում է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացներում` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում: