ՄԻՊ-ի ձեռնարկված միջոցների արդյունքում փաստաբ...

ՄԻՊ հաստատության կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Այս մասին նշված է Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 16-ին ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում: 

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից», ասված է հաղորդագրությունում։