ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է ընտանիքում բռնու...

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ
դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը:

Այս օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն):

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 13 բանավոր և գրավոր դիմում-բողոք, որոնք վերաբերում են կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելուն:

Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 5 ահազանգ: Դրանից բացի, պետք է հաշվի առնենք, որ այս դեպքերն ունեն լատենտային կամ թաքնված բնույթ։

Այս հարցերը մեր աշխատակազմում առանձին քննարկման առարկա են՝ սկսած արտակարգ դրության առաջին օրերից: Սակայն այս օրերին հատկապես բռնության այս տեսակի կանխարգելումը պահանջում է մասնագիտական առավել ճշգրիտ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա ապահովել կանխարգելման աշխատանքների ճիշտ կազմակերպում և խնդիրների ու դրանց լուծումների մասին ամբողջական պատկերացում:

Կարևոր գործոն է նաև այն, որ արտակարգ դրությունը երկարեց, իսկ դա առավել արդիական է դարձնում հարցը և պահանջում առավել կազմակերպված աշխատանք։

Ուստի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել եմ համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ.

Աշխատանքային խմբին հանձնարարված է հատուկ ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերին: Ընդ որում, իրականացվում է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն):

Մենք անմիջական կապ ենք պահպանում իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների մեր գործընկերների հետ. կիրականացվի տեղեկությունների առավել ակտիվ փոխանակում և տեղի կունենան համատեղ քննարկումներ:

Today I signed a decree to establish a working group on domestic violence prevention issues. Particular focus will be paid to violence against women, children and older persons. The purpose is to better coordinate our works in this area and to better indentify problems and solutions of these problems. We keep close contacts with law-enforcement bodies and NGOs.

#դեմեմբռնությանը
#againstviolance»: