Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համ...

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, լրացում կատարել «Պետական տուրքի մասին և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի:

Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Քրեականացնել Քրեական օրենսգրքի 461-րդ (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) հոդվածի կամ 462-րդ (Վարժական հավաքից խուսափելը) հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը:

Պատգամավորն առաջարկում է սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասն ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ ծառայության ընթացքում կրտսեր ենթակայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովության չափերի բարձրացմանը: Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3,400 ՀՀ դրամ դրամական ապահովություն:

Կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին, գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացած քաղաքացիները:

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է, որ Օրենսդրական նախաձեռնության և կից առաջարկվող կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու նպատակն է մեծացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը, կանխել մեծ թվով արական սեռի քաղաքացիների մինչև 37 տարին լրանալը հետախուզման մեջ մնալը և այլն:

Իսկ թե ինչն է ստիպել հանդես գալ նման նախաձեռնությամբ, պատգամավորը նաև նախագծում առանձնացրել է ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Վերլուծելով վերջին 10 տարիների արդյունքները՝ ստացվել է, որ զինվորական պարտադիր ծառայության հրավիրվածների 30-ից 40 տոկոսն է զորակոչվում ծառայության: Պարտադիր զիրնվորական ծառայության ժամկետը մեր երկրում 24 ամիս է, մինչդեռ հարևան Վրաստանում 6-11 ամիս, Թուրքիայում՝ 6, Ադրբեջանում՝ 18 ամիս: Ծառայության ժամկետի երկար լինելը ծառայության գրավչության վրա ազդող հիմնական գործոններից է:

Ծառայության ժամկետի երկար լինելով և այլ գործոններից ելնելով՝ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են զինվորական ծառայությունից մի շարք ճանապարհներով:

Մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: (2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից):

Մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ պատրվակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում (2010-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ քրեական օերնսգրքի 461-րդ հոդվածով (նախկին 327-րդ հոդված) հարուցված քրեական գործերից 2, 494-ը կարճվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով):

Ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների թղթեր են պատրաստում: Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները: