Մինչ Երևանում վիճում են 300 հազար ադրբեջանցին...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է՝ ներքաղաքական բանավեճի կենտրոնում հայտնվել է «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» թեման։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ խաղաղության գործընթացի հաջորդ փուլերից մեկը կարող է դառնալ ադրբեջանցիների բնակեցման հարցը, մինչդեռ իշխանությունները կտրականապես հերքում են նման պնդումները՝ դրանք որակելով քաղաքական շահարկում և քարոզչական հնարք։

Սակայն հետաքրքիր է, որ այն ժամանակ, երբ Երևանում քննարկում են՝ գոյություն ունի՞ արդյոք նման օրակարգ, թե՞ ոչ, Ադրբեջանում այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են պետական մակարդակով և բավականին համակարգված կերպով։

Հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում անցկացվում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» III կոնգրես-փառատոնը, որի կազմակերպիչներն են Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչությունը Նախիջևանում, Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Միջոցառման շրջանակում նախատեսված են գիտական, մշակութային և հասարակական բնույթի քննարկումներ, որոնց հիմնական նպատակը, ըստ կազմակերպիչների, «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության հանրահռչակումն ու բնակեցման գաղափարի տարածումն է»։

Սակայն խնդիրը միայն մշակութային միջոցառումը չէ։ Կոնգրեսի ընթացքում հնչած հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ իր քաղաքական պահանջները ներկայացնել «բնակեցման իրավունքների» տեսքով։