ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Չինաստան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, բանակցությունների ժամանակ Սի Ծինփինը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում փոխգործակցության ամուր հիմքերի մասին։
«Այսօր դրված է մեր փոխգործակցության ամուր հիմքը, աճում են դրա մասշտաբն ու որակը, ամրապնդվում են ռիսկերին դիմակայելու հնարավորությունները, ինչը լիովին ցույց է տալիս սթրեսակայունությունը և երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության լայն հեռանկարը»,-նշել է Սի Ծինփինը։
Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ կողմերը պետք է մեծացնեն դրական ազդեցությունները բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններում, համատեղ առաջ շարժվեն սոցիալ-տնտեսական զարգացման և մարդկության միասնական ճակատագրի համայնք ստեղծելու բնագավառում:



