Միջուկային զենքի փորձարկումներն անցկացվում են...

Միջուկային զենքի փորձարկումներն անցկացվում են կանոնավոր կերպով, բայց դրանք ֆիզիկապես չեն անցկացվում, այլ մաթեմատիկական մոդելների միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Սկսենք նրանից, որ փորձարկումները չեն դադարել ոչ մի երկրում, ոչ մի օր, ոչ մի ժամ։ Բայց միակ բանն այն է, որ դրանք անցկացվել են հաշվողական տեխնիկայի կիրառմամբ. անցկացվել են ոչ թե ֆիզիկական փորձարկումներ, այլ ստեղծվել են մաթեմատիկական մոդելներ», - ասել է Շոյգուն լրագրողներին։

«Նման փորձարկումներ իրականացվում են, քանի որ այս ամենը պահանջում է մշտական ​​ուշադրություն և մշտական ​​կատարելագործում», - հավելել է նա։

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ այլ երկրներում փորձարկումների ծրագրերի պատճառով Պատերազմի նախարարությանը հանձնարարել է անմիջապես սկսել ամերիկյան միջուկային զենքի փորձարկումներ։ ԱՄՆ-ն վերջին անգամ միջուկային զենքի փորձարկում է անցկացրել 1992 թվականին: 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կգործի իրադրությանը համապատասխան այն դեպքում, եթե որևէ երկիր խախտի միջուկային զենքի փորձարկումների մորատորիումը։