Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից օրենքներում փոփոխություն ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Այս նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկում է ՀՀ վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի մասով ստեղծել համապատասխան վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար:
Այսօր ԱԺ նիստում օրինագծի քվեարկությունից առաջ Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստանի» հետ եկել են կոնսենսուսի ու ընդունել նրանց որոշ առաջարկներ։
Մասնավորապես, պատգամավորները մտավախություն էին հայտնել այդ պաշտոնում 25 տարեկան անձին նշանակելու առնչությամբ։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ նրանց առաջարկն ընդունվել է և այդ պաշտոնում օրենքով թույլատրվելու է նշանակել 30 և ավելի տարեկան անձին և նրան ներկայացնել 5 տարվա մասնագիտական պահանջ։
ԱԺ մյուս ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր օրինագծին, քանի որ ինչպես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, «հոդաբաշխ բացատրություն» չի ներկայացվել, թե ինչու է կառավարությունը նման առաջարկությամբ հանդես գալիս:



