Միակ ժամանակաշրջանն է, որ նախարարությունը չու...

Կառավարության աջակցությամբ հաջողվել է գումար ուղղել հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման համար։ Հանրապետությունում առկա հրշեջ-փրկարարական 64 ջոկատից 32-ն այս պահին գտնվում են վերանորոգման փուլում։ Այս մասին ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Սա աննախադեպ է նրանով, որ մենք երբևէ այդ ջոկատները վերանորոգելու հնարավորություն չենք ունեցել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Ես եղել եմ ջոկատներում, որտեղ անմարդկային պայմաններ են․ չկա բաղնիք, չկա լվացվելու հնարավորություն։ Այս ամենը տեսնելուց հետո մենք կարողացանք Կառավարության օգնությամբ լուծել այս հարցը»,- նշեց նախարարը։

Մի քանի նոր ջոկատներ էլ կկառուցվեն դոնորների միջոցներով՝ առանց պետական միջոցների։

«ԱԻՆ պատմության մեջ սա առաջին դեպքն է, միակ ժամանակաշրջանն է, որ նախարարությունը չունի անսարք մեքենա, բոլոր մեքենաները գտնվում են ծառայության մեջ»,-ավելացրեց Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարը նաև ասաց՝ նորություն կասի, որի մասին դեռևս չգիտեն նույնիսկ փրկարարական ծառայության աշխատակիցները։

«Հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր լինի նաև հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքներ կատարել»։

Արդեն արված աշխատանքներից զատ՝ նախարարը նաև նշեց, որ դեռևս կա տեխնիկապես համալրվելու անհրաժեշտություն։ Միաժամանակ ընդգծեց՝ անհրաժեշտ տեխնիկան շատ թանկ արժե։

«Մենք անընդհատ աշխատել ենք դոնորների հետ։ Աշխատել ենք դոնորների միջոցով այդ հարցերը կարգավորել, որպեսզի պետության վրա բեռ չդառնանք։ Բայց պետությունն էլ պետք է պարտավորություններ ունենա, պետությունն էլ պիտի անի, միայն դոնորներով հնարավոր չէ այս հարցերը լուծել»։

Նախարարի խոսքով՝ ծառայությանն անհրաժեշտ են նաև ուղղաթիռներ՝ փրկարարական տարբեր աշխատանքներ կատարելու համար։ Այժմ այդ ուղղությամբ արդեն աշխատում են։ Խոսքը մոտավորապես 4 ուղղաթիռի մասին է։

«Ուղղաթիռների հարցով հենց եկած օրվանից զբաղվում ենք։ Մի քանի տարբերակ կա և կարծես թե մենք լավագույն տարբերակը գտել ենք, և եթե այդ տարբերակը օգտագործենք մենք կունենանք հրդեհաշիջման համար նախատեսվածշ ուղղաթիռներ և կունենանք նաև մարդկային ռեսուրսներ տեղափոխելու համար»,- ասաց նախարարը։