
Միացյալ Նահանգները փակել է Սիրիայում գտնվող երկու ռազմաբազա եւ մեկը հանձնել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը՝ երկրում իր ռազմական ներկայության կրճատման շրջանակում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ամերիկացի հրամանատարները մոտ 500 զինվորական են դուրս բերել արաբական հանրապետությունից, Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Մոտ 500 ամերիկացի զինծառայողներ դուրս են բերվել Սիրիայից։ Երկրում գտնվող երկու ռազմաբազաները փակվել են, իսկ մեկը հանձնվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերին»։ Ամերիկյան զորքերի համախմբումը Սիրիայում անվտանգ է եւ մտածված»,- ամերիկացի պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Al Arabiya-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քրդական ուժերը կվերահսկեն Mission Support Site Euphrates ռազմաբազան։ Երկու փակված ամերիկյան բազաների շարքում հեռուստաալիքի զրուցակիցը նշել է Mission Support Site Green Village առաքելության աջակցության բազան։ Ամերիկյան հրամանատարության կողմից լքված մյուս օբյեկտի անունը չի նշվում։
2015-2018թթ. քրդերի կողմից վերահսկվող սիրիական տարածքում ստեղծվել են ինը ամերիկյան ռազմական բազաներ եւ երեք հենակետեր։ Դրանք գտնվում են Հալեպի, Դեյր էզ-Զորի, Ռաքքայի եւ Հասեկեի նահանգներում, ինչպես նաեւ Իրաքին եւ Հորդանանին սահմանակից Էթ-Թանֆ շրջանում։ Դրանցում տեղակայվել էր 2 200 ամերիկացի զինվոր։ Այս տարվա ապրիլին Պենտագոնը հայտարարել էր, որ ամերիկյան հրամանատարությունը կրճատելու է Սիրիայում գտնվող զորակազմը՝ երկրում թողնելով 1 000-ից պակաս զինծառայող։