Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այցելել է Երևան՝ բացելու Հայաստանում բրիտանական առաջին մշտական Պաշտպանության բաժինը։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից։
«Շարունակելով նախարար Դաութիի օգոստոսյան այցը, որի ընթացքում հայտարարվեց Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերությունները Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին, ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այսօր Երևանում է՝ բացելու Հայաստանում առաջին մշտական Պաշտպանության բաժինը»,-ասված է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սա վերահաստատում է ՄԹ-ի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ։
Նշենք, որ ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունը դեկտեմբերի 4-ին հայտարարություն էր տարածել, որ Լոնդոնը մայոր Թոմաս Շորլանդ Բոլին նշանակել է Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդի պաշտոնում։



