Միացյալ Նահանգները F-35C Lightning II բազմանպ...

Միացյալ Նահանգները F-35C Lightning II բազմանպատակ տախտակամածային կործանիչներ է տեղափոխում Ճապոնիա՝ տարածաշրջանում Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) ուժերին դիմակայելու համար:Այդ մասին հայտնում է Nikkei Asia հրատարակությունը։ Հրապարակման մեջ ասվում է, որ տարածաշրջանում F-35C ինքնաթիռների տեղակայումն ամերիկյան նավատորմի համար կապահովի մարտավարական առավելություն ՉԺԱԲ-ի նորագույն կործանիչների նկատմամբ, ինչպես նաև կնվազեցնի չինական հականավային հրթիռների կողմից սպառնալիքը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հիպոթետիկ բախման դեպքում։ Հուլիսի 15-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են F-35C Lightning II կործանիչներ և CMV-22B Osprey կոնվերտոպլաններ Ճապոնիայի Իվակունի ռազմակայան տեղափոխելու մասին։ Ինքնաթիռները կմտնեն «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակրի  ավիախմբի կազմի մեջ, որը Ճապոնիա կժամանի մինչև ընթացիկ  տարվա վերջը, որպեսզի փոխարինի այնտեղ մշտապես ​​տեղակայված մեկ այլ ամերիկյան ավիակրի՝ «Ռոնալդ Ռեյգանին»: ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը Nikkei Asia-ին հայտնել է, որ F-35C-երի էսկադրիլիաներ են տեղակայված նաև «Կառլ Վինսոն» և  «Աբրահամ Լինքոլն» ավիակիրների վրա, որոնց պատասխանատվության գոտու մեջ է մտնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: F-35-երը հինգերորդ սերնդի գերձայնային կործանիչներ են։ Դրանք ներկայացված են երեք հիմնական մոդիֆիկացիաներով՝ F-35A (ստանդարտ թռիչք և վայրէջք), F-35B (ուղղահայաց թռիչք և վայրէջք) և F-35C (արձակում ավիակիրների տախտակամածից)։  Այս տարի ԱՄՆ-ից F-35-երի գնման գործարքներ են կնքել Իսրայելը և Լեհաստանը, շուտով դրանք նախատեսում է ձեռք բերել Հունաստանը: