Մի ստախոս էլ Միքայել Մինասյանն է․ հենց ինքն է...

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս վստահեցրել է, որ անիմաստ է փնտրել, թե «ո՞վ է բերել Նիկոլին», քանի որ ինքը գիտի, որ «Նիկոլին բերել է ժողովուրդը»՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն։ Այս առումով ինքն ու Նիկոլ Փաշինյանը վերջին ռոմանտիկներն են, որոնք 2018-ի իրենց արածը համարում են հեղափոխություն։

Մի կողմ թողնենք Միքայել Մինասյանի շահագռգռվածությունը թեման ցրելու, եկեք հասկանանք, իսկ արդյոք կարելի է հավատալ Միքայել Մինասյանին։ Ոմանք կասեն իհարկե, քանի որ նա նախկին դեսպան է եղել, ՀՀ երրորդ նախագահի փեսան է ու դժվար ստեր։ Իսկ ոմանք կհիշեն, որ առաջին անգամ չէ, երբ Միքայել Մինասյանը ստում է։

Միքայել Մինասյանի հրապարակային առաջին սուտը եղել է 2017 թվականին, խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ազգային Ժողովում ներկայացվածություն ունի երեք մարդ՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը և Միքայել Մինասյանը։ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ով, Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ով, իսկ ահա Միքայել Մինասյանը՝ «ԵԼՔ» դաշինքով։ Մարտիրոսյանի այս հայտարարությանը սկզբում արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ իր հարազատ ոճով՝ զրպարտությամբ։ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն էլ կարծում է, թե Արմեն Մարտիրոսյանը կապ ունի Միքայել Մինասյանի հետ։

Մի քանի օր անց թեմային ստիպված եղավ արձագանքել Միքայել Մինասյանը․ «Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ իսկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։

Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից»,-Մարտիրոսյանին ու Փաշինյանին ուղղված նամակում գրել էր Մինասյանը։
Արդեն 2020-ին Միքայել Մինասյանը նույն վստահությամբ պետք է հայտարարեր, որ «տարիներով ֆինանսավորել է Փաշինյանին»։ Մինասյանն իհարկե պնդում էր, որ ֆինանսավորել է, քանի որ լինելով գործող նախագահի փեսան վախեցել է այդ նույն նախագահի իշխանության ներքո գործող բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանից։

Մինասյանի 2020 թվականի հայտարարությունը ապացուցում է, որ նա 2017 թվականին դեսպանի պաշտոնում հրապարակային ստել է, երբ հերքել է, որ կապ ունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն ինքը Փաշինյանից պակաս ստախոս չէ ու հիմա էլ ժողովուրդը իրեն հավատալու տեղ չունի։
Հ․Գ․ Մինասյանը եթե իրականում ցանկանում է օգնել Հայաստանին, ապա պետք է բացի իր և Նիկոլ Փաշինյանի համագործակցության ամբողջ շղթան, պարզ ասի, թե ու՞մ առաջարկով/հրահանգով է ֆինանսավորել Փաշինյանին (ծծակի պատմությունը թող պահի իրեն դեռ հավատացողների համար), ովքե՞ր են Փաշինյանի և իր դրսի հովանավորները։ Այսքանը որ ասի՝ մեծ լավություն արած կլինի։