«Մի քիչ էլ որ իրար հրահրեն, շատ բաներ կբացահա...

Դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահատում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունը, պերճանքն ու թշվառությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամանակՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպին:

«Մարդիկ ինքնախոստովանություն արեցին կամ հանցագործության բացահայտում: Եթե մենք նորմալ իրավական համակարգ ունենայինք, տեղում պետք է հաղորդում տային կամ ներկայացնեին, որեւէ վարույթ սկսեին: Բացահայտ հաղորդում է տրվել, ընդ որում՝ երկու կողմից: Դեռ ինչե՞ր կարող են բացահայտվել, եթե մի քիչ էլ իրար, այսպես ասած, հրահրեն: Շատ բաներ կխոսեն»,-ասաց նա։

Լրագրողները Սրբազանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հնարավոր է հանդիպի ՔՊ պատգամավորների հետ։ Բագրատ Սրբազանը նշեց, որ իրենց ցանկությունն է՝ կուզեն՝ կհանդիպի, չեն ուզի՝ չի հանդիպի։

Նշենք, որ Բագրատ Սրբազանը ԱԺ է եկել մասնակցելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև ընդհարում տեղի ունեցավ։ Նրանք վիրավորեցին միմյանց եւ քիչ էր մնում բանը հասնի բռունցքների: