Լսում ես կառավարության ծրագրերը, մեգանախագծերը, փոփոխությունները, ասում ես՝ այս ինչ լավ է, մեկ էլ, որ հիշում ես սա այն կառավարությունն է, որ հայտարարել էր պատերազմ փողոցային առևտրի դեմ ու պարտվել էր այդ պատերազմում, հասկանում ես, որ վերջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս իրականությունը, Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը: Պարեկային ծառայությունը, Խուդինյան Արթուրով, քաղաքական իշխանության քաղաքական պայքարի մեջ դերակատար է:
Ձեր գործընկեր պատգամավոր Սիմոնյան Աշոտի վրա հարձակվել էին 40-ից ավելի կարմիր ու սև բերետավորներ, մինչև հիմա մի ոստիկան պատժված չէ: Ծառայողական քննություն են նշանակել, 4 ամսվա ընթացքում ՆԳՆ-ն այդ քննության արդյունքները չգիտի՞»,- ասաց պատգամավորը:
Նա հավելեց. «Այսօր ժամը 2-ին Աջափնյակի դատարանում 10-ցի ավելի մեր քաղաքացիների դատն է: Նայում ես՝ խեղճ ու կրակ մի կին որպես ոստիկան ծեծող է, 2 մետր բոյով կարմիր բերետավորները որպես տուժող են հանդես գալիս»:



