Մի կաթիլ մեղր. մեկի քեռին հազարավոր դոլարներ...

«Շիրակ կենտրոն» հ/կ-ն Գյումրի քաղաքի տնակային ավաններում ապրողներին տարեկան 20-25 ընտանիքի բնակարան է տրամադրում: Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի խոսքով` ավելորդ գլխացավանքներից և քաղաքը տնակային ավաններից մաքրելու նպատակով բնակարանը տրամադրելուն պես սկսում են տնակները քանդել.

«Տասնյակ տնակներ ենք քանդել, տարածքը մաքրել: Երբևէ չի եղել մի դեպք, որ տնակը քանդելը ինչ-ր մի հետևանք չունենա` բողոք, վեճ կամ դժգոհություն: Մարդկանց բնակարան ես նվիրում, օգնում տեղափոխման հարցում, աղբը մաքրում, բայց դեռ դժգոհություններ լինում են: Դա տնակային հոգեբանություն Է դարձել, և ինձ համար ամենակարևոր գործը մարդկանց այդ հոգեբանությունից ազատելն է»:

Այսպես դեռ մեկ տարի առաջ Գյումրիի ծայրամասում, մի ընտանիք ապրում էր կիսաքանդ և փտած տնակում: Սփյուռքահայ հովանավորի շնորհիվ ընտանիքին մոտ 20 հազար դոլար արժողությամբ նորակառույց  բնակարան են նվիրել, իսկ խախուլ  տնակը քանդել.

«Հետագայում Մոսկվայից զանգում է ինչ որ մեկը և կիսահայերեն կիսառուսերեն ասում, թե՝ «մեր տունը, մեր օջախը քանդել ես»: Ասում են, որ այդ տնակը տրամադրել են իրենց մահացած քրոջ երեխաներին, ովքեր 25 տարի ապրել մեծացել են այդտեղ:  Ես իրենց բացատրում եմ, որ դուք արդեն Ռուսաստանի քաղաքացի եք, և եթե նույնիսկ տնակը պահպանած լինեինք և բնակվեիք այդ տնակում, միևնույն է՝ դուք չէիք կարող որպես փոխհատուցում բնակարան ստանալ, քանի որ մի անգամ արդեն ստացել եք: Նշում էի, որ պետք է ուրախ լինեն, որ իրենց քրոջ երեխաները բնակարան ունեն»:

Դրանից հետո բողոք է ներկայացվել, գործը կարճվել է, իսկ կենտրոնի ղեկավարին հորդորել են ավելորդ գլխացավանքից խուսափելու համար որպես փոխհատուցում մի տնակ տրամադրել: Այժմ գործը նորից վերաբացվել է և վարույթ ընդունվել: Վահան Թումասյանը վստահեցնում է, որ տնակը քնադելը որևէ հետևանքներ չէր կարող ունենալ, քանի որ այն սեփականության իրավունք չունի, համայնքային հողի վրա գտնվող կառույց էր, որը վաղուց պետք է վերացված լիներ: Տնակի նախկին տնօրինողները արդեն 25 տարի այլ երկրում են ապրում, իսկ  անօթևան ընտանիքների բնակարանների փոխհատուցման 432 որոշման համաձայն` այլ երկրի քաղաքացին չի կարող չի կարող պահանջատեր լիներ.

«Այդ խեղճ ընատանիքը, որին բնակարան էինք տվել, վեճ ու կռիվ մեջ հայտնվեց, ես էլ չեմ կարող ամբողջը նրանց վրա թողնել: Կյանքը հետաքրքիր է` մեկի քեռին հարյուր հազարավոր դոլարներ է տալիս, մյուսինը` բնակարանից էլ է ուզում զրկել: Հիմա ուզած չուզած նորից փաստաբան եմ վարձել, ամբողջ մեկ տարի ավելրոդ գլխացավանք, ավելորդ ծախսեր: Դարձավ մի կաթիլ մեղրը»:

Վահան Թումասյանը նշում է` պետք է դիտարկել հարցի մարդկային և բարոյական կողմը`ամերիկահայը, ով նույնիսկ Գյումրիի տեղը չգիտի, ընտանիքին բնակարան է նվիրել, իսկ իրենց հարազատը, որն ապրում է Ռուսաստանում, դատի է տալիս ոչ միայն կենտորնի ղեկավարին, այլև իր բարեկամներին:

«Այս գործը պետք նախադեպ լինի, ուզում եմ հնչեղություն ստանա, որ իշխանություններն էլ հասկանան, թե երբ ենք վերջապես քաղաքը ազտելու այդ կիսաքանդ, առնետների բույն, կոմունալ հարմարություններից զուրկ տնակներից: Հարյուրավոր տնակներ կան, որոնք կամ վարձով են տրված, կամ տնօրինողները մեկնել են արտասահման, դրանք էլ իրենց համար որպես «ամառանոց» են պահել: Հետո էլ մտածում ենք Գյումրին վերկանագնեք, ինչպես դա կլինի եթե դեռ տնակներ կան»-ասում է Թումասյանը:

Աննա Հովհաննիսյան