«Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնում իշխ...

Քաղաքապետարանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի պաշտոնում քննարկում է դերասան Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Տնօրենի պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով հայտարարվում է մրցույթ, ցանկացողները դիմում են, բանավոր եւ գրավոր կերպով մասնակցում մրցույթին, որից հետո հաղթողին Երեւանի քաղաքապետը նշանակում է պաշտոնում։

«Քննարկումները կան, բայց եթե վերջնարդյունքում ինքը չհաղթի, ոչ մեկն իրեն չի կարող նշանակել»,- ասաց Կոստանյանը։

Երբ տեղի կունենա մրցույթը՝ Կոստանյանը չգիտի, տեղեկություն չունի նաեւ մյուս թեկնածուների մասին։

Թատրոնի տնօրենի հաստիքը թափուր է 2022 թվականի դեկտեմբերից։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է Մակիչ Մարգարյանը։

Թատրոնում, սակայն, դեմ են Սոս Ջանիբեկյանի թեկնածությանը։ Կարծում են, որ քաղաքապետարանն այսպիսով ստեղծում է անհավասար պայմաններ մյուս հնարավոր թեկնածուների համար։ Խնդիր են համարում նաեւ այն, որ Ջանիբեկյանը իրենց թատրոնի հետ կապ չունի։

«Օրենքը չի պահանջում, որ տնօրենը լինի ներսից, սակայն մեր անձնակազմն այդ պաշտոնում պատկերացնում է ներսի մարդու, որպեսզի նա տիրապետի բոլոր նրբություններին։ Դրսից մեկը գա կամ ղեկավարի ներսի մարդը, բնականաբար, նույնը չի լինի։ Մենք Սոս Ջանիբեկյանի անձի դեմ ոչինչ չունենք, բայց խնդիրն այն է, որ դեռ մրցույթի մասին չհայտարարած իրենք արդեն որոշել են՝ ով է հաղթելու մրցույթում»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը։

Նրա խոսքով՝ օրերս Ջանիբեկյանն այցելում է թատրոն, հանդիպումներ ունենում․ «Սոսը երբեւէ թատրոնում չի եղել, խաղացել է ներկայացումներում, սակայն դրանք խաղացանկային չեն եղել»։

Թատրոնի անձնակազմը համար տնօրենի թեկնածուն Արծրուն Չոբանյանն է։