Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Մհեր Գրիգորյանն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը, շնորհակալություն հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիային ծանր իրավիճակներում Հայաստանին աջակցելու համար:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով բարձր տեխոնոլոգիաների, կրթության և տուրիզմի ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժի իրացման կարևորությունը: