Մեծ Բրիտանիան կկառուցի 12 միջուկային հարվածայ...

Մեծ Բրիտանիան կկառուցի 12 միջուկային հարվածային սուզանավ՝ Ռուսաստանին հակազդելու համար։ Այս մասին նշվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տարածված հաղորդագրությունում։ Ինչպես նշվել է, նավատորմը կընդլայնվի SSN-AUKUS տեսակի սուզանավերով՝ միջուկային ուժասարքով եւ սովորական սպառազինությամբ։ Դրանք կստեղծվեն AUKUS-ի՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական դաշինքի շրջանակում։ «Մեր նշանավոր սուզանավերը շուրջօրյա հերթապահում են՝ Մեծ Բրիտանիային եւ մեր դաշնակիցներին անվտանգ պահելու համար: Բայց մենք գիտենք, որ սպառնալիքներն աճում են, եւ մենք պետք է վճռականորեն գործենք՝ զսպելու համար ռուսական սպառնալիքը»,- ասել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին:Սուզանավերի կառուցման մասին հայտարարությունը պետք է հրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հունիսի 2-ին՝ պաշտպանության ռազմավարության ներկայացման շրջանակում։ Փաստաթուղթը, որը նախապատրաստվում է արդեն մի քանի ամիս, կպարունակի 62 հանձնարարական՝ պաշտպանության ամրապնդման համար եւ կթվարկի երկրին սպառնացող հիմնական սպառնալիքները։ «Այն կապահովի Միացյալ Թագավորության պատրաստվածությունը այսօրվա մարտահրավերներին, իսկ մեր զինված ուժերը կստանան անհրաժեշտ սարքավորումներ երկրի ներսում անվտանգությունն ապահովելու համար»,- հաղորդագրությունում մեջբերվել են հատվածներ վարչապետի գալիք ելույթից։ Ինչպես նշվել է կառավարության հաղորդագրությունում, ի պատասխան՝ նախարարների կաբինետը կստանձնի որոշակի պարտավորություններ։ Դրանք կներառեն ռազմական գործողություններ իրականացնելու պատրաստակամություն եվրատլանտյան տարածաշրջանում սպառնալիքները զսպելու եւ անվտանգությունն ամրապնդելու համար, զինամթերքի պաշարների ավելացում, բրիտանական արտադրության մինչեւ 7 հազար հեռահար զենքի գնում, նոր կիբեռհրամանատարության ստեղծում եւ բրիտանացի զինծառայողների  կյանքի բարելավում: