
Հայաստանն ապրում է մերձավորարևելյան տարածաշրջանում, և որքան էլ մտովի մեզ պատկերացնում ենք Եվրոպայում, ֆիզիկապես այս տարածաշրջանում ենք։ Հետևապես Մերձավոր Արևելքում չաշխատելը հղի է ռիսկերով և վտանգներով, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մերձավոր Արևելքն աշխարհի ամենակարևոր կետերից մեկն է, և մեծ շռայլություն է, երբ Հայաստանն այսօր չունի մերձավորարևելյան հստակ քաղաքականություն։ Որևէ մեկն, օրինակ, այսօր ինձ չի կարող ասել՝ աշխարհագրական հայտնի միավորը պետք է Պարսից ծոց, թե Ծոց կոչել։ Ահա այսպիսի եզրաբանական բացակայության պայմաններում ենք ապրում։ Միաժամանակ, Մերձավոր Արևելքում հայերի թիվը գնալով կրճատվում է, արտահոսքը շարունակական բնույթ է կրում, և մենք կորցնում են հայկական համայնքները», - շեշտեց բանախոսը։