Մեծ նվեր մատուցվեց Իլհամ Ալիեւին

«Հայելի» մամուլի ակումբի հանդեպ իրականացված ոտնձգությունը կարելի է համարել հետիշխանափոխական Հայաստանում ժողովրդավարության դեմ իրականացված ամենալուրջ հարձակումներից մեկը։

Խնդիրը, իրականում բավականին բազմաշերտ է ու ունի իր նախապատմությունը։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանի կողից իրականացված իշխանափոխությունից հետո գործող իշխանության ու նրան սատարող խմբերի մոտ բավական նկատելի է չորրորդ իշխանության՝ մամուլի հանդեպ ունեցած նեգատիվ վերաբերմունքը։

Ամեն բան արվում է, կապ չունի տեսանելի թե կուլիսային մակարդակում, մամուլը հեղինակազրկելու, մամուլի հանդեպ բացասական վերաբերմունք ու ժխտական ֆոն ստեղծելու համար։ Հիշենք, որ դեռ նոր նոր վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարի պաշտոնում մեղադրեց հեռուստաընկերություններից մեկին հակապետական գործունեության մեջ։ Ապա արդեն սկսվեց որոշակի արշավ տարբեր ԶԼՄ-ների հանդեպ եւ նույնիսկ նախորդ գումարման ԱԺ պատգամավորների կողմից հարցը բարձրացվեց ԵԽԽՎ-ում։ Հիշենք նաեւ, թե քանի անգամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները՝ նրա տիկին Աննա Հակոբյանն ու դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, բացասաբար են խոսել մամուլի հանդեպ, հասցրել խոսակցության մակարդակը «դաս տալու» կամ «հաթաթայի» սանդղակին։ Այժմ արդեն, կարելի է արձանագրել․ «Հայելիի» դեմ իրականացված ոտնձգությունը «հոգեզավակն է» եւ Նիկոլ Փաշինյանի, եւ Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի վերոնշյալ վերաբերմունքի, հանրային հայտարարությունների ու գրառումների ու հանդիսանում է այդ ամենի օրգանական շարունակությունը։

Դժվար է ասել, տվյալ գործողությունը որքանով է եղել ինքնաբուխ։ Դժվար է նաեւ «Հայելի» մամուլի ակումբի, լրատվամիջոցի դեմ ոտնձգություն իրականացրած երիտասարդներին բացատրել, թե ինչ վնաս հասցրեցին նրանք առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը եւ ապա Հայաստանի հեղինակությանն ու վարկանիշին առհասարակ։ Ինչպես ճիշտ կերպով նկատել է փաստաբան Նորայր Նորիկյանը, արջի ծառայություն մատուցողները բոլոր ժամանակներում ամենամեծ վնասն են հասցրել։

Հուսանք, որ հենց խոսքը արջի ծառայություն մատուցելու մասին է, քանի որ հակառակ պարագայում, եթե հանկարծ ուղղորդվածության մասին խոսք գնաց, պատասխանատվությունը շատ ավելի կմեծանա բոլոր իմաստներով։ Ամեն դեպքում, ադրբեջանական լրատվամիջոցները արդեն քանի օր է գրում են, որ հարձակում է իրականացվել հայկական այն լրատվամիջոցի դեմ, որը հրապարակել է «Վալդայ»-ի նիստի ընթացքում Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարությունը։ Հասկանում ենք չէ, թե ինչ խնդրի առաջ է կանգնած հիմա Հայաստանը։

Ստացվում է, որ տարիներ ու տասնամյակներ շարունակ հայկական կողմը պնդում է, որ Բաքվում առկա է հայատյացություն, իսկ Երեւանում հարձակում է իրականացվում լրատվական միջոցի դեմ այն բանի համար, որ վերջինս հրապարակել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, արված «Վալդայում»։ Այսինքն, լիովին կան հիմքեր մտածելու, որ Հայաստանում էլ կա ադրբեջանատյացություն։ Հիմա, ենթադրաբար «արջի ծառայություն մատուցած» կամ ենթադրաբար ուղղորդված երիտասարդները ինչպես են հակառակն ապացուցելու։

Ուշադրություն դարձրեք, չենք քննարկում հարցի իրավական կողմը, այլ զուտ խոսում ենք հարցի միջազգային-քաղաքական ոլորտում թողած բացասական հետեւանքի մասին։ Ավելի մեծ նվեր մատուցել Իլհամ Ալիեւին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Հարավային Կովկաս՝ Երեւան եւ Բաքու այցից առաջ, պարզապես անկարելի էր։