
Մեծ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը նվազել է, մինչդեռ թագավոր Չարլզ 3-րդի անձնական կարողությունն աճել է՝ հավասարվելով նախկին վարչապետ Ռիշի Սունակի և նրա կնոջ՝ Ակշատա Մուրտիի կարողությանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Sunday Times Rich List 2025 վարկանիշային աղյուսակը։
Մեծ Բրիտանիայի 350 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակում գրանցվել է միլիարդատերերի թվի աննախադեպ անկում։ 2024 թվականի համեմատ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը պակասել է 9-ով՝ 165-ից հասնելով 156-ի, ինչը Sunday Times Rich List-ի 37-ամյա պատմության ընթացքում ամենամեծ անկումն է։
Միևնույն ժամանակ, 2024 թվականի ընթացքում թագավորի կարողությունն աճել է 30 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ հասնելով 640 միլիոն ֆունտի, ինչի շնորհիվ նրա դիրքը բարձրացրել է 20 հորիզոնականով. թագավորը Սունակի և Մուրտիի հետ միասին զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց շարքում 258-րդ տեղը։
Ի դեպ, թագավորի կարողության աճը նրան դարձրել է ավելի հարուստ, քան նրա մայրը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհին։ Չարլզ 3-րդի կարողությունը 270 միլիոն ֆունտով ավելի է հանգուցյալ թագուհու կարողությունից։
Ցուցակը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հինդուջա ընտանիքը, որին պատկանում է հնդկական Hinduja Group կորպորացիան, որի կարողությունը, չնայած անկմանը, գնահատվում է ավելի քան 35 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Ամենահարուստ բրիտանացիների ցուցակում են նաև Ֆորմուլա 1-ի չեմպիոն սըր Լյուիս Հեմիլթոնը, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, սըր Էլթոն Ջոնը։
40 տարեկանից ցածր ամենահարուստ բրիտանացիների ենթացուցակում են երգչուհի Դուա Լիպան, երգիչներ Հարի Սթայլզը և Էդ Շիրանը։