Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիաի Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերով պետքարտուղար Էմմա Ռեյնոլդսի հետ։
Համբարձում Մաթևոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նա հայտնել է, որ հանդիպման առանցքում COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու գործընկերության խորացման հնարավորություններն էին՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը ստանձնել է 2026 թվականին COP17-ի հյուրընկալող երկրի պատասխանատվությունը։
Քննարկման ընթացքում կողմերը վերահաստատել են ընդհանուր հանձնառությունը՝ COP17-ի հաջող կազմակերպմանն ու բովանդակային արդյունքների ապահովմանը նպաստելու ուղղությամբ։ Էմմա Ռեյնոլդսը հաստատել է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու COP17-ին՝ մասնավորապես փորձի փոխանակմամբ և տեխնիկական աջակցության ներգրավմամբ։
«Առանձնապես կարևորեցինք Cali Fund նախաձեռնության շուրջ առաջիկա աշխատանքները։ Քննարկեցինք Մեծ Բրիտանիայի փորձի հիման վրա Հայաստանի կարողությունների ամրապնդման հնարավորությունը՝ թեմատիկ աշխատաժողովների և խորհրդատվության միջոցով՝ COP16-ի արդյունքների, առաջիկա քայլերի և մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ։
Նշեմ նաև, որ Հայաստանը 2025 թվականի դեկտեմբերին միացել է Friends of the Cali Fund խմբին։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգային ծառայությունների գնահատմանն առնչվող առաջնահերթ թեմաները՝ ընդգծելով քաղաքականության և ծրագրային որոշումների մեջ գիտական գնահատումների արդյունքների ներառման կարևորությունը։
Շնորհակալ եմ տիկին Ռեյնոլդսին կառուցողական և գործնական քննարկման համար։
Համոզված եմ, որ այս երկխոսությունը և գործընկերության խորացումը նպաստելու են COP17-ի հաջողությանը՝ ամրապնդելով կենսաբազմազանության օրակարգը և միջազգային համագործակցության արդյունավետությունը»,- գրել է նախարարը։
Համբարձում Մաթևոսյանն աշխատանքային այցով Մանչեսթերում է՝ մասնակցելու Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի՝ IPBES 12-րդ լիագումար նիստին։



