Մեր զեկույցում կա, թե ինչու պարտվեցինք պատերա...

Որևէ զեկույց անհետ չի կորում. զեկույցը կարող է քնի, ոնց որ հաշվիչ տեխնիկան, բայց քանի որ այն ավարտուն վիճակում է, ինքը կիջնի ներքև, եթե պետք է իջնի, էլի կբարձրանա վերև, բայց այդ զեկույցում այնպիսի եզրահանգումներ կան, որը խիստ անհրաժեշտ է, որպեսզի մեր համապատասխան կառույցները, հատկապես պաշտպանական գերատեսչությունը կարդա։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցն այդպես էլ չքննարկվեց ԱԺ–ում։

«Մենք կարողացել ենք նաև մարդկանց կանչել, լսել, տեսագրություններ անել, մինչև վարչապետ։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը կարող է մի վայրկյան պակասի։ Ես մի քանի օր առաջ Հետքի գլխավոր խմբագրի հարցազրույց էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ «ինչու»-ի պատասխանը այնտեղ կա։

Իհարկե լավ կլիներ, որ հիմա ինքը գար լիագումար նիստերի դահլիճ, բայց դա էլ որևէ բարդություն չի ներկայացնում, ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ձեր ասած գաղտնի բաժնից կբարձրանա և ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով։

Այդ զեկույցին այսօր արդեն հասանելի է բոլոր այն կառույցներին, որոնք կարող են այդ զեկույցը վերցնել, կարդալ և անել որոշակի եզրահանգում՝ սկսած գլխավոր դատախազությունից, պաշտպանության նախարարությունից, քննչական մարմիններից։

Ինձ զարմացնում է, որ մեր պատգամավորները ալարում են, գնան, գուցե, եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունը նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաև իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը կստանան։ Հիմա շատ նոր պատգամավորներ ունենք, ես չգիտեմ ինչքանով է իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ»,–ասաց նա։