Մեր վերջնանպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն...

Նախագիծն անհրաժեշտություն է ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, և քննարկումները շարունակում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բանակից գումարով ազատման» անվանումը ստացած նախագծի քննարկման հետաձգմանն ԱԺ-ում:

Հարցին՝ հետաձգման պատճառը հանրային արձագա՞նքն էր, Սիմոնյանն ասաց, որ հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են և որ օրենքի նախագիծը միգուցե որոշ փոփոխությունների կարիք ունի:

«Մեր վերջնանպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, որտեղ որ կծառայեն մարդիկ, որոնք դրան կվերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ: Այն իրավիճակը, որը մեր երկրում եղել է ու կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ հարուստներին երեխաներին բանակից ազատելու համար է, նա նշեց. «Ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ: Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են: Դրա դեմ պայքարը նույնպես տարվում է և տարվելու է, բայց ասում եմ՝ նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն»: