ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Բոնոն ասել է Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է բխի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը շփվեն՝ անկախ միջնորդական ձևաչափից։ «Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին էլ։ Մյունխենի հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարել են, որ խաղաղություն են ցանկանում»,- ընդգծել է նա։
Բոնոն հավելել է, որ մարտի 7-ին մեկնելու է Հայաստան։ «Իմ այցի նպատակը կողմերի երկխոսությունն ու նոր հանդիպումը խրախուսելն է»,- եզրափակել է նա։