Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ...

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ քաղաքացիները 2023-ի փետրվարից ստանում են հին նմուշի անձնագրեր ոչ կենսաչափական անձնագրեր եւ առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր, քանի որ ենթակառուցվածքներն արդիական չեն եւ չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջները բավարերելու հնարավորություն, հերթերի կառավարում: «Կենդանի հերթերը ամառային սեզոնին շատ մեծ են լինում, էլեկտրոնային հերթագրման պարագայում հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս: Ուստի լուծումը թվային միջոցների ներդրումն է:  Միաժամանակ՝ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման ու տրամադրման ծառայության հետ կապված առկա են մի շարք խնդիրներ:

Առաջարկվող նախագծի միջոցով ապահովվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ իրավական հիմքեր ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ՊՄԳ ծրագրի իրականացումը մեկնարկելու նպատակով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ ՊՄԳ ծրագրի իրականացումը, մասնավորապես՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը մեկնարկելու համար։

Ծրագրի իրականացման արդյունքում ՊՄԳ ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում թե՛ գործառնական, թե՛ շուկայավարման ու առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով հասցեագրել և լուծել վերջնական օգտագործողների առջև ծառացած խնդիրները»,-ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս փոփոխության ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է. «Դա նշանակում է հետեւյալը, եթե մենք հիմա ուզում ենք անձին նույնականացնել, քաղաքացուն ասում ենք՝ ներկայացրեք ձեր անձնագիրը: Հետո նայում ենք անձնագրի նկարին եւ որոշում՝ ինքը այն մարդն է, որ նշված է անձնագրի մե՞ջ, թե՞ ուրիշ մարդ է: Մեր գլոբալ խնդիրն այն է, որ երբ մարդը թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին, մենք հնարավորություն ունենանք այդ նույն գործողությունը անել նաեւ թվային տարածքում: Սրա համար բիոմետրիկ անձնագիրը եւ նույնականացման քարտը ունեն առանցքային նշանակություն: Մենք պետք է կարողանանք ինտերնետում՝ թվային տարածքում, մարդուն կարողանանք նույնականացնել:

Մենք պետք է կարողանանք մեր հեռախոսից կամ համակարգչից իրականացնել ամենատարբեր գործարքներ: Մեր հաջորդ քայլը պետք է լինի մոբայլ ID-ի թողարկումը, ինչը նշանակում է, որ գործնականում մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո, դա սկզբունքնորեն պետք է պահի տանը, եւ բոլոր դեպքերում մենք պետք է հնարավորություն տանք, որ ինքը բջջային հավելվածի միջոցով օգտագործի նույնականացման տվյալը:

Իսկ կենսաչափական անձնագիրը արդեն որպես ճամփորդական փաստաթուղթ պետք է օգտագործվի»: