Ես կցանկանայի մաղթել, որ մեր փոխգործակցությունը, մեր դաշնակցային հարաբերությունները պահպանվեին, ամրանային, դա կարեւոր է մեր երկրների համար, դա բխում է մեր ժողովուրդների շահերից։ Այս մասին Երեւանում, Հաղթանակի այգում Հայրենիքի պաշտպանների օրվան նվիրված միջոցառման ժամանակ փետրվարի 22-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա ավելացրել է, որ Հայրենիքի պաշտպանի օրը բոլորի համար խորհրդանշում է շատ կարեւոր արժեքներ՝ հայրենասիրություն, սեր հայրենիքի հանդեպ, հանուն հայրենիքի ամեն ինչ զոհաբերելու պատրաստակամություն։ «Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կանգնած են մեր երկրների շահերի պաշտպանության դիրքերում, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքը պաշտպանելիս»,- նշել է դեսպանը։