Մեքսիկայի նախագահը նախազգուշացրել է ԱՄՆ-ի համ...

Մեքսիկական ապրանքների վրա դրվող ԱՄՆ մաքսատուրքերի հետեւանքները լուրջ բացասական ազդեցություն կունենան ամերիկյան տնտեսության վրա։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «25 տոկոս մաքսատուրքերը, որոնք դրվել են [Մեքսիկայի վրա], հետեւանքներ կունենան երկու երկրների համար: Դրանք չափազանց լուրջ հետեւանքներ կունենան ԱՄՆ տնտեսության համար, քանի որ Մեքսիկայից ԱՄՆ արտահանվող բոլոր ապրանքների արժեքը զգալիորեն կբարձրանա»,- ասել է Շեյնբաումը X-ում տեղակայված տեսաուղերձում։ «Ինչպես ասում են՝ կրակում են իրենց ոտքին»,- ավելացրել է Մեքսիկայի առաջնորդը։ Նա նաեւ նշել է, որ Մեքսիկայի համար վնասը մաքսատուրքերի պատճառով զգալի կլինի։ Նրա խոսքով՝ մեքսիկական շուկայում շատ ընկերություններ ստիպված կլինեն որոշել՝ հեռանա՞լ, թե՞ մնալ։ «Բայց այնտեղ [ԱՄՆ-ում] նրանք նույնիսկ բավարար աշխատուժ չունեն, եւ այնտեղ ամեն ինչ ավելի թանկ արժե, նրանք նույնիսկ էներգիա չունեն», - ընդգծել է Շեյնբաումը: Նա ավելացրել է, որ սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին երկու երկրների միջեւ աշխատանքային խմբի ստեղծման իր առաջարկի վերաբերյալ՝ Մեքսիկայի հանդեպ ԱՄՆ պահանջները քննարկելու եւ բանակցությունների միջոցով լուծում գտնելու համար։