
Միացյալ Նահանգներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան լրատվամիջոցներից Fox LA կայքին։ Հարցազրուցավարը հարցրել է՝ վարչապետը տեսնո՞ւմ է Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ հանգուցալուծում մոտ ապագայում։
«Գիտեք, մենք պատրաստ ենք դրան։ Եվ իմ ուղերձն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը բացատրել է, որ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման հայտարարություն է անում։ Փաշինյանի խոսքերով՝ ինքը դրա համար նաև քննադատվել է Հայաստանում, բայց շատ կարևոր է սկսել խաղաղ կարգավորումը։ Հիմա, ըստ Փաշինյանի, ինքը սպասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես անի նույն հայտարարությունը և ընդունի այդ ձևաչափը։
«Եթե Ադրբեջանի իմ գործընկերն ընդունի այս բանաձևը, մենք շատ մոտ կլինենք ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը»,- ասել է Փաշինյանը։