Խորհրդարանում առաջարկվում է արգելել կուրսային ու դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների կողմից գովազդի տեղադրումը, նախագիծը առաջարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Հարց ու պատասխանի ընթացքում կարծիք հնչեց քննարկել ոչ թե գովազդների արգելումը, այլ այդ կազմակերպությունների լինել-չլինելու հարցը:
Politik.am-ը կարծիք է հարցրել կուրսային ու դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ խնդրելով անդրադառնալ նաև այն մտքին, որ նմանատիպ աշխատանքները ազդում են կրթության որակի վրա.«Ես ընդհանրապես չեմ մտածում, որ որակն ընկնում է կրթության, մենք ուղղակի օգնում ենք ուսանողներին: Ամեն մարդ ունի իր կարծիքը, ես այդպես չեմ կարծում»,-Politik.am-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանեց referat.am-ի աշխատակիցը:
«Երբ քննարկումները կավարտվեն, կոնկրետ որոշում կլինի, մեր տեսակետը կարտահայտենք, այս պահին ոչինչ չենք կարող ասել»,-ասաց kursayin.am-ի աշխատակիցը: Կրթության որակի վրա ազդելու մասին խոսելով՝ աշխատակիցն ասաց, որ հիմնավորման կարիք կա.«Շատ մարդիկ շատ բան կարող են ասել, ես՝ ուրիշ բան: Դա էական չէ»:



