
Մենք պատերազմում հայրենիքից մի մաս կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան և անկախ է։
Հունիսի 2-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում․
«Մենք կշեռքի մի նժարի հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, որը ավելի անկախ է, որը ավելի ինքնուրույն է։ Ես չեմ ուզում, որ այս թեզը հնչի որպես էլի գեղեցիկ ձևակերպված նախադասություն, այլ ուզում եմ կոնկրետ օրինակով ասել։
2025 թվականի մարտի մեկը այն օրն է, որի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերում ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը։ Թվում է, թե շատ տրամաբանական բան է, չէ, ի՞նչ կա մի հատ էլ զարմանալու, որ մի հատ էլ գլուխ ենք գովում։ Անկախ պետություն ենք, բնականաբար մեր սահմանին պետք է կանգնի մեր սահմանապահները»,- նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այդ որոշումը կայացրել է 2024 թվականին․
«Ես կարո՞ղ էի այդ որոշումը կայացնել 2019 թվականին, երբ որ թվում էր, թե քաղաքականապես և բոլոր առումներով շատ ավելի ուժեղ եմ և շատ ավելի պինդ եմ։ Ոչ, ես չէի կարող այդ որոշումը կայացնել 2018 թվականին, 2019 թվականին, 2020 թվականին։ Չէի կարող պարզապես, մտածելը նույնիսկ շատ դժվար էր, որ կարա այդպիսի բան տեղի ունենա, իսկ 2024 թվականին ես կարող էի և կայացրել եմ այդ որոշումը։ Մենք շնորհակալություն ենք հայտնել Ռուսաստանի դաշնության այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, բայց ասել ենք, որ գիտեք ինչ, մենք որպես պետություն հասունացել ենք, մենք մեր սահմանային կետերը ինքներս կարող ենք վերահսկել»։