Մենք խաղաղություն մուրալու իրավունք չունենք,...

Այս ընտրությունները չլուծեցին մեր անվտանգային հիմնական խնդիրները, հակառակը՝ ավելի խորացրեցին, -«Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Վերջինս հիշեցրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հիշեցնում է տարածքային նկրտումների մասին։

«Այս ընտրությունները չլուծեցին մեր անվտանգային հիմնական խնդիրները, հակառակը՝ ավելի խորացրեցին։ Իշխանությունները, որոնք պատասխանատու են անվտանգության համար ու գիտակցում են, որ չեն կարողանալու ապահովել անվտանգությունը, պետք է հեռանան։ Սակայն կռվեցին, իրենց իշխանությունը պահելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է ապահովել այդ անվտանգությունը, Վանեցյանը նշել է, որ մեր անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Զինված ուժերն են։

«Զինված ուժերը վերջին պատերազմից հետո գտնվում են, մեղմ ձևակերպված, ոչ նորմալ, ոչ բարվոք վիճակում, բայց ի՞նչ ունենք, ունենք ավարտված պատերազմ՝ արդեն շուրջ 8-9 ամիս, և մենք տեսանք, որ որևէ քայլ չի ձեռնարկվել մեր Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ»։

Վանեցյանը հիշեցրեց, որ ունենք չպաշտպանված սահմանագիծ, չկահավորված սահմանագիծ, հիշեցրեց նաև, որ մամուլում տարածվեցին բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչ պայմաններում են զինծառայողները իրենց ծառայությունն անցկացնում նոր առաջնագծում, և որևէ քայլ մեր իշխանությունները չեն արել, չեն անում, որ այդ առաջնագիծը և մեր բանակի մարտունակությունը վերականգնվի։

«Եթե մենք չունենանք բանակ, հարևանները փորձելու են մեզանից ինչ -որ բան խլել։ Եթե մեկ անգամ արժանապատիվ չես պատասխանում ապտակին, քեզ կրկին ու կրկին կապտակեն։ Մենք խաղաղություն մուրալու իրավունք չունենք, պետք է հաստատենք խաղաղություն»։

Վանեցյանը նշեց, որ ԶՈՒ-երի մարտունակությունը պետք է բարձրացնել, հստակ ծրագրերով բանակում ռեֆորմներ իրականացնել։ Պնդմանը, որ իր ղեկավարության օրոք, երբ եղել է բուրգի գագաթին, արդյոք ինքը պատասխանատվություն չի կրո՞ւմ, Վանեցյանը նշել է, իր օրոք հարձակումներ չեն եղել։

«Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց կարող ենք փաստել մեկ բան`իմ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգային համակարգը գործել է շատ լավ։ Մենք չենք ունեցել որևէ հարձակում, չենք ունեցել որևէ խնդիր և չենք ունեցել որևէ անվտանգային սպառնալիք, որին չենք կարողացել համարժեք պատասխան տալ»։

Հարցին, արդյոք չէր կարծում, որ հրաժարական տալը և հեռանալը կարող էր վնասել Հայաստանի անվտանգությունը՝ Արթուր Վանեցյանը նշեց շատ երկար է պայքարել անվտանգության համար։

«Բազմաթիվ զրույցներ եմ ունեցել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ, բայց, ցավոք սրտի, այդ խորհուրդները, այդ խոսակցությունները չէին ազդում քաղաքական ղեկավարության վրա, և ես չէի կարող մնալ մի թիմում, որը երկիրը բերելու էր այն վիճակի, որը մենք ունենք այսօր, և որևէ մեկը թող չասի, որ չենք զգուշացրել այս արհավիրքի մասին։ Ես իմ տված գրեթե մի քանի հրապարակային հարցազրույցներում, վերջինը եղել է 2020 թվականի հունվարին, գրեթե ճշգրիտ ասել եմ, թե ինչ է սպասվում առաջիկայում Հայաստանին և Արցախին»։

Վանեցյանը նշել է՝ հնարավոր չէր պայքարել։ ԱԱԾ տնօրենը այն պաշտոնյան չէ, որը կարող է պայքարել քաղաքական իշխանության դեմ։