Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունե...

«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո կողմից»,- Գյումրիից դեպի Աբովյան երթի մեկնարկին ասաց  Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իշխանության հայտարարություններին, որ այս շարժումն ուղղորդված է, հեղաշրջման նպատակ ունի։

Միքայել Սրբազանը նշեց, որ ուզում են  ստից, կեղծիքից, խաբեութունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ՝  խաբողներին, նվաստացողներին։

«Ժողովրդի պահանջին դեմ հանդիման՝ այդ պատասխանատվությունը մեր վրա վերցրել ենք։ Այդքան բան»,- ասաց Միքայել Սրբազանը։

Հարցին՝ ասում են եկեղեցին չպետք է քաղաքականությամբ զբաղվի, կիսո՞ւմ է այդ տեսակետը, Միքայել Սրբազանը պատասխանեց. «Ոչ, ես երբեք դա չեմ կիսել։ Միշտ էլ ակտիվ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով  չզբաղվելը՝ վերաբերում է ձգտում չունենալու լինել պետական կառավարման համակարգում։ Մենք նման ցանկություն, ամբիցիա չունենք։  Մեզ մեր կյանքը, ծառայությունը լրիվ բավարարում է, բայց  անտարբերությունը մահացու մեղք է։ Մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում  տեղի ունեցող գործընթացներին, որոնք վտանգում են մեր պետականությանը, ժողովրդի անվտանգությանը։ Հետո պետք է մեզ մեղադրեն, չէ՞։ Ասեն, եկեղեցին ո՞ւր մնաց, չասե՞ց։ Հիմա ասում ենք։ Եթե կուզի այս ժողովուրդը դարձյալ մեկ անգամ ևս չլսել եկեղեցու ձայնը, կունենա դառը հետևանքներ։ Եթե ժողովուրդը միշտ լսեր եկեղեցուն, միշտ կհաղթեր։ Հիմա այդ պահն է, որ պետք է լսի՝ լսի կհաղթի, չի լսի՝ դարձյալ պարտություն կգրանցի։ Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական, քրիստոնեական իշխանություն»։