
Ընդդիմությունը և տարբեր մարդիկ կարող են տարբեր աստառներ կարել այս իրավիճակին, որը շատ պարզ, տեխնիկական հարց է: Այն նախագծի իրավական տեխնիկային է վերաբերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով քննադատություններին՝ արդյո՞ք սա հետքայլ է նշանակում իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ այս քառօրյայում չի ընդգրկվի:
«Կառավարությունն արել է առաջարկներ և երեկ պարզվեց, որ նախաձեռնությունը ներկայացնողները կարծես թե հակված չեն ընդունելու առաջարկները: Դրա պատճառով քվեարկությունը ընդմիջվեց, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը և կվերսկսվի մոտ ապագայում, մինչև կձևավորվի կոնսենսուս մեր և նախաձեռնողների միջև»,- պարզաբանեց Խանդանյանը:
Ճշտող հարցին՝ որն է խնդիրը, պատգամավորը պատասխանեց՝ շատ մանրամասն տեղյակ չէ, թե որ ձևակերպումն է խնդրահարույց:
«Կարծեմ նախաբանի մեջ կա որոշակի ձևակերպում, որը Կառավարությունն առաջարկել է հանել՝ հաշվի առնելով, որ սա օրենք է, հռչակագիր չէ, որպեսզի իրավական առումներով ավելի կոռեկտ լինի նախագիծը, և այստեղ ես որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չեմ տեսնում»,- նշեց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք չկա նախագծից հետ կանգնելու միտում, Խանդանյանը տվեց բացասական պատասխան:
Նրա խոսքով՝ եթե միտում լիներ, ընդհանրապես կարելի էր հետաձգել, և հանձնաժողովի նիստ անելու կարիք գուցե չառաջանար:
«Բայց մենք հակված ենք նախագիծը ընդունելու»,- հավելեց նա: