Եթե դուք տարեցտարի տեսնեք, թե ինչքան սարքավորում է Հայաստան եկել և ինչքան արտադրանք է գեներացվում, ինչքան է արտահանվում, արտահանման ծավալների տարբերությունը, դուք շնորհակալություն կհայտնեք, որ վարկեր եք վերցրել։ Այս մասին ԱԺ-ում 2025 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Մենք առաջարկում ենք, որ ևս վարկեր վերցնեն, ևս սարքավորումներ ձեռք բերեն, ևս այգիներ, ինտենսիվ այգիներ, արդյունաբերություն զարգացնեն։ Ուզում եմ ասել՝ նոր Հայաստանը կառուցված ճանապարհներ են, կառուցված դպրոցներ են, կառուցված հիվանդանոցներ են, նոր Հայաստանի պետական մարմինները օրենսդրությամբ են գործում»,- ասաց նա։
Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի՝ կարմիր բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու անհրաժեշտության մասին ելույթին, Սուքիասյանն ասաց.
«Չե՞ք հարցնում՝ 2007 թվականին ո՞նց էին հարձակվում ժողովրդի վրա ոստիկանները, ավտոմատներով, գնում էին մինչև տուն, տնից հանում էին, սկսում էին արմատուրով խփել ոտներին։ Հիմա դուք եկել եք, ասում եք՝ այդ բերետավորը ագրեսիվ էր նայում: Ասում եմ՝ խփում էին, ջարդում էին, ծեծում էին, տանում էին, մի հատ էլ բանտում էին ծեծում, տանում էին մի հատ էլ ոստիկանությունում էին ծեծում: Մենք ենք շփվել, հիմա ի՞նչ եք ուզում։ Ասում է՝ բերետավորը շատ ագրեսիվ էր տրամադրված»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ այսօր ՀՀ-ում պետական ինստիտուտները շատ ուժեղ են:
«Գեղամ Մանուկյանն ասում է՝ գիտե՞ք ինչ, արտաքին հետախուզություն եք ստեղծել, մի հոգի եք այնտեղից վերցրել, նախ առաջինը՝ արտաքին հետախուզությունը ստեղծելուց դուք չեք քվեարկել։ Արտաքին հետախուզությունը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր կառույցներից մեկն է։ Իսկ, թե որտեղից են վերցնում, ի՞նչ են անում, դա պետք է քաղաքացուն չհետաքրքրի և պատգամավորին էլ չպետք է հետաքրքրի։ Դա ամենախիստ գաղտնի ծառայությունը պետք է լինի։
Նախ առաջինը՝ ես չգիտեմ այդ տեղեկությունը ինչո՞ւ են իրեն տվել, մի հոգի է գնացել, թե 45 հոգի, կամ դա ի՞նչ իրավունք ունեն բարձրաձայնելու, դրա մասին խոսելու։ Դուք էլ Ձեր ելույթում դրա պատասխանը չտվեցիք, պարոն Քոչարյան, որ չի կարելի: Ասում ենք՝ տնտեսենք, ասում է՝ էլեկտրական մեքենա են ձեռք բերել, իհարկե պետք է էլեկտրական ձեռք բերեն, որ այդ բենզինը չգողանան: Հիմա այդ գողությունները չկան։ Մի քանի հազար կիլոմետր ճանապարհ է Հայաստանում կառուցվում:
Որ խոսում եք շտապօգնությունից, առաջ շտապօգնությունը մինչև գալիս էր, արդեն խեղճ քաղաքացին մահանում էր շտապօգնության մեջ, որովհետև այնքան փոս կար, տեղ չէր հասնում: Ճանապարհը կառուցվել է, ճանապարհը բերվել է, կարող է՝ A կլաս չէ, կարող է՝ B կլաս է, բայց արդեն այնպիսի ճանապարհ է, որ մինչև անգամ տուրիստները այսպես զարմացած են, որ ձեր մոտ այդպես լավ ճանապարհներ կան»,- ասաց նա:
Պատգամավորը անդրադարձավ նաև առողջապահության ոլորտում իրականացված փոփոխություններին:
«Առողջապահության մասով էլ մենք բավականին հաջողություններ ունենք: Մեր կոմերցիոն հատվածը, առողջապահական մասնավոր ձեռնարկություններն արդեն առողջապահական տուրիզմով են զբաղվում, բավականին հաջողություններ ունենք: Ինչո՞ւ է բժշկական տուրիստը գալիս ՀՀ, երեք կարևոր պատճառ կա. առաջինը՝ դա բժիշկների որակն է, երկրորդը՝ սարքավորումների որակն է, երրորդը՝ այդ պայմանները, որտեղ ինքը պետք է վիրահատության կամ հետվիրահատական ժամանակահատվածն անցկացնի։ Հիմա դրանց քանակը պետք է մեծացնենք, որպեսզի մենք առողջապահական տուրիզմով նույնպես լինենք լավագույններից մեկը տարածաշրջանում։
Ես շատ հարցերում էլ ձեզ հետ համաձայն եմ, որ դեռ այն աստիճանի կառավարում, այն աստիճանի հասարակական գիտակցություն Հայաստանում չունենք: Եվ մի հարց էլ կա, որը արդեն վեցերորդ տարին է՝ դուք թմբկահարում եք: Միշտ խոսում եք աշխատավարձից և տարբեր կարգի հավելավճարներից։ Կատա՞կ եք անում, այսօր պետական համակարգը շատ ծանր վիճակում է, որովհետև աշխատավարձերը շատ ցածր են, Հայաստանի Հանրապետությունում մասնավոր բիզնեսը բավականին բարձր աշխատավարձ է տալիս։
Մենք և դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ, պետք է որպես մտահոգ մարդիկ, Հայաստանի Հանրապետության զարգացման մասով խնդրենք կառավարությանը, որ աշխատավարձները բարձրացնի, որ ավելի որակով կադրեր գնան, պետական համակարգում աշխատեն»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։