Կառավարությունը մշակել և հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները։
Նախարարի խոսքով՝ գերմանական ճարտարապետական ընկերության կողմից մեկնարկել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները։ Քննարկվում են նաեւ դեպի այդ քաղաք հասնելու տրանսպորտային ուղիները:
Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:
Մասնավորապես՝ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում իրականացվել է նախատեսված ավելի քան 45 ռազմավարական ծրագիր: Սեպտեմբերից բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը. պարտադիր են դարձել նախագծային ուսուցումը, խմբակներն ու հետազոտական աշխատանքը: Տարրական դասարաններում միավորային գնահատում այլեւս չի իրականացվում, հանվել է անբավարար գնահատականային շեմը, ներդրվել է պարտադիր երկարօրյա ուսուցում ցածր առաջադիմությամբ աշակերտների համար: Մարզերի եւ Երեւանի 293 դպրոցներ ընդգրկվել են մինչեւ 2026 թվականի 300 դպրոցների վերակառուցման, կառուցման, հիմնանորոգման եւ նոր գույքով ամբողջական հագեցման ծրագրի ցանկում: ՏՀՏ եւ բնագիտական լաբորատորիաներ են ստեղծվել Արմավիրի մարզի 88 եւ այլ մարզերի ու Երեւանի 12 նորակառույց դպրոցներում:
«Ուսուցիչների տարակարգի մեխանիզմը կապակցվել է ուսուցչի դասավանդման հմտություններին: Նոր մեխանիզմով տարակարգ է ստացել 101 մանկավարժ, այդ թվում՝ առաջին անգամ ամենաբարձր՝ 50 տոկոս հավելավճարով»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ տարակարգի եւ կամավոր ատեստավորման համակարգերի միջոցով առկա են 400 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: 400 հազար ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ է արդեն ստանում շուրջ 220 ուսուցիչ:
Սեպտեմբերից 25 տոկոսով բարձրացել է բնագիտական առարկաների եւ ինֆորմատիկայի ուսուցիչների աշխատավարձը. ծրագրի շահառու է 8420 ուսուցիչ՝ աշխատավարձի շուրջ 32 հազար դրամ աճով: Սեպտեմբերից բարձրացել է նաեւ մինչեւ 100 սովորող ունեցող 64 գյուղական դպրոցների շուրջ 3000 ուսուցչի վարձատրությունը, ում դրույքաչափն ավելացել է՝ միջինում 71.700 դրամից հասնելով 115.300 դրամի:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացի աշխատանքները: Շարունակվում է 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագիրը: 145 հաստատությունում շինարարական աշխատանքներն ավարտվել են, 90-ում՝ ընթացքի մեջ են:
Ավագ դասարաններում փորձնական կարգով ներդրվել է կրեդիտային համակարգը, որի շրջանակում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից: Առաջին անգամ ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով, ինչի արդյունքում նվազել է դիմորդների քննական սթրեսն ու լարվածությունը, ինչպես նաեւ նրանք հնարավորություն են ստացել լավագույն կերպով դրսեւորել իրենց կարողությունները:Գիտության ոլորտում 2023 թվականին մշակվել եւ ներդրվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգ, որով սահմանվել են որակական եւ քանակական նոր պահանջներ՝ համադրելի միջազգային չափորոշիչների հետ:
Վերոնշյալ ոլորտի ֆինանսավորումը՝ ներառյալ ռազմարդյունաբերությունը, կազմել է շուրջ 36 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի ֆինանսավորման չափից ավելի է 6,2 մլրդ դրամով կամ 20,8 տոկոսով: 2018 թվականի 14,3 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 25,9 մլրդ դրամով կամ շուրջ 2,8 անգամ: Շարունակվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը:
Անդրադառնալով սպորտի ոլորտի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ 2023 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 445 մեդալ՝ 125 ոսկե, 127 արծաթե եւ 193 բրոնզե: 2022 թվականի ցուցանիշից սա ավելի է 44,9 տոկոսով: Մեդալներից 25-ը նվաճել են կանայք: Մշակույթի ոլորտում իրականացվել է 18 կրթամշակութային ծրագիր: Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: