Մեկամսյա լռությունից հետո դատարանը հանել է Ղա...

Մեկամսյա արգելքից հետո Արցախից տեղահանված Ղարիբ Բաբայանը կարող է հրապարակային խոսք ասել: Վերաքննիչ դատարանն է հանել առաջին ատյանի կիրառած խոսքի սահմանափակումը:

Իրավապահները «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն»-ի ղեկավարին մեղադրում են իշխանությունների և ոստիկանության նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված ատելություն, թշնամանք հրահրելու համար: Իսկ պատճառը Բաբայանի տարածած տեսանյութն էր, որում Ամանորին Իրանի մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում զվարճանում ու ադրբեջաներեն էին երգում:

Արցախցի տարեց տղամարդը քննադատել էր Հայաստանի ոստիկանությանը «Ղարաբաղ ջան» երգողների նկատմամբ գործողություններ չանելու, փոխարենը պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ ուժ կիրառելու համար: Հենց այս գրառման պատճառով էլ նրան ձերբակալեցին, մեղադրանք ներկայացրեցին ու սահմանափակեցին խոսքի ազատությունը:

 «Ազատությունը» ներկայացնում է, որ փաստաբան Աբգար Պողոսյանն ասել է, քանի դեռ որոշումը չեն ստացել, Բաբայանը չի ուզում խախտել լռությունը. «Յուրաքանչյուր անգամ ծայրահեղ մտավախություն ունենալը շատ նորմալ է տիրող իրավիճակում», - նշեց փաստաբան Աբգար Պողոսյանը:

Մինչ Բաբայանը սպասում է, որ ձեռքի տակ հայտնվի որոշումը, որ խոսի, նրա փաստաբան Աբգար Պողոսյանն ուշադրություն է հրավիրում վերաքննիչի դիտարկման վրա:

«Նշանակում է, որ վերաքննիչ քրեական դատարանը կիսել է պաշտպանության կողմի այն կարծիքը, որ այդ հրապարակման մեջ բռնության, ատելության կոչ չէր կարող լիներ», - ասաց Պողոսյանը:

Այս ատյանն, ի տարբերություն ստորադասի, եզրահանգել է, որ հանցագործության կատարման հիմնավոր կասկած չկա:

Փաստաբանն արդարացում է պահանջում Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված գիտնականի համար, պնդում՝ նրա մեղադրանքը քաղաքական հետապնդում է, դրանով փորձում են լռեցնել անկախ խոսքը:

Մեկ ամիս առաջ խորհրդարանում վարչապետ Փաշինյանն էր անդրադարձել այս թեմային, երբ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրել էր՝ ինչո՞ւ իրավապահները չէին փորձել պարզել, թե ովքե՞ր և ի՞նչ նպատակով են արել այդ գործողությունը, փոխարենը ձերբակալել էին այդ տեսանյութը տարածած անձին:

«Մեկը կերգի Ղարաբաղ, մեկը կերգի Մոսկվա, մեկը կերգի Տիզբոն, մեկը կերգի Հալեպ, կա պարզ բան, մեր հանրությունը պետք է դիմակայուն լինի, գտել են մեր խոցելի տեղը: Ամեն տենց տափակ տեսարանից պետք չի, որ հանրությունը ցնցվի: Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իր բեմադրած տեսարանն է, թող ցնցվի., - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել. «Դա ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Դա բեմադրված Հայաստան-Իրան հարաբերությունների միջև էդ երգի պատմությունը... որովհետև էդ երգի կատարողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ձեր հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել կանգնացրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի ու Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն»: