Մեկ տարի առաջ տեղի ունեցածը հեղափոխություն էր...

Politik.am-ը շարունակում է հեղինակային #մեկ_տարվա_ամփոփում շարքը (նախորդ հրապարակումները՝ հեշթեգով): Այս անգամ մեր զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Վերջինիս խնդրեցինք վարչապետի ասուլիսի նախորդ օրը ներկայացնել իր կարծիքներն ու գնահատականը Նիկոլ Փաշինյանի և կառավարության մեկամյա աշխատանքի հետ կապված:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցածը միանշանակ հեղափոխություն էր, պարզապես պետք է հասկանալ, որ հեղափոխությունը իշխանափոխության տեսակներից մեկն է. երկրում իշխանությունը փոխվում է կամ ընտրությունների, կամ հեղափոխության միջոցով. մեզ մոտ երկրորդ տարբերակը տեղի ունեցավ»:

Անդրադառնալով նախորդ տարվա ապրլյան օրերին՝ արդեն ներկայիս իշխանությունների տված խոստումներին և մեկ տարվա ընթացքում դրանց կատարմանը, Բաղդասարյանը նշեց.«Խոստումների մի մասը կատարվել է, մյուսը՝ ոչ: Բայց ես հակված եմ այս մեկ տարվա աշխատանքը ընդհանուր առմամբ գնահատել դրական»:

Քաղաքագետն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր սթափ էին նայում հեղափոխությանը, հասկանում էին, որ փոփոխությունները միանգամից լինել չեն կարող.«Հեղափոխությունը երկրում փոփոխություններ իրականացնելու հնարավորություն է, որից կամ օգտվում են, կամ ոչ: Մեր դեպքում արդյունքները դրական են»:

Բաղդասարյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո փոսի մեջ չենք հայտնվել, անցնցում է շարունակվում զարգացումը. «Հեղափոխական գաղափարներից շատերը դեռ իրականություն չեն դարձել, բայց ընթացքի մեջ են: Բայց չասենք, թե սխալներ չեն եղել: Բազմաթիվ անթույլատրելի սխալներ եղել են կադրային քաղաքականության մեջ, քարոզչական ոլորտում: Առանձին կադրեր պարզապես ջարդուփշուր են անում հեղափոխության արժեքները»: