
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը չորեքշաբթի օրը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համապարփակ համակարգի մշակումից և տեղակայումից և կոնկրետ գործողություններ ձեռնարկել տերությունների միջև ռազմավարական փոխվստահության ամրապնդման և համաշխարհային ռազմավարական կայունության պահպանման համար։ Այս մասին հաղորդում է Սինհուան։
Մաո Նինն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծրագիրը։
Ինչպես նշել է չինացի դիվանագետը, «Ոսկե գմբեթի» ստեղծման այսպես կոչված ծրագիրն ուղղված է ոչնչով չսահմանափակվող, գլոբալ, բազմամակարդակ և բազմապլան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը։ Այս ծրագիրը բացահայտորեն նախատեսում է տիեզերական տարածությունում մարտական գործողություններ վարելու միջոցների զգալի ավելացում, ներառյալ ուղեծրային որսման համակարգերի մշակումն ու տեղակայումը։
«Սա այս ծրագրին հաղորդում է վառ արտահայտված հարձակողական բնույթ և խախտում է տիեզերական տարածության խաղաղ օգտագործման սկզբունքը, որն ամրագրված է Տիեզերքի մասին պայմանագրում։ Ծրագրի իրականացումը կբարձրացնի տիեզերքը մարտական գործողությունների գոտու վերածվելու և տիեզերական սպառազինությունների մրցավազքի առաջացման ռիսկերը, կխաթարի անվտանգության և սպառազինությունների վերահսկողության միջազգային համակարգը», - նշել է Մաո Նինը։
Ըստ նրա, ԱՄՆ-ն, հավատարիմ մնալով «Ամերիկան ամեն ինչից վեր» քաղաքականությանը, տարված է իր համար բացարձակ անվտանգության ձգտումով, ինչը խախտում է «մեկ պետության անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների անվտանգության հաշվին» սկզբունքը և խարխլում է համաշխարհային ռազմավարական հավասարակշռությունն ու կայունությունը։
«Չինաստանն այս կապակցությամբ լուրջ մտահոգություն է հայտնում», - հավելել է Մաո Նինը։