Կրասնոյարսկում վթարային վայրէջք է կատարել «Ազիմուտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, գրել է Baza-ն։ Պատճառն առջեւի շասիի հիդրավլիկայի անսարքությունն էր։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի առավոտյան։ RA 89080 ինքնաթիռը (Միներալնիե վոդի-Ուֆա-Կրասնոյարսկ չվերթով) վթարային վայրէջքի ազդանշան է տվել եւ իջել Կրասնոյարսկում։ Ուղեւորները եւ անձնակազմի անդամները չեն տուժել։
Սա մեկ օրում երկրորդ դեպքն է «Ազիմուտի» Superjet-ի հետ կապված։ Մյուս ինքնաթիռը կատարում էր Սոչի-Թուրքիա չվերթը, այն բռնկվել է Անթալիայում վայրէջք կատարելուց հետո։ Ուղեւորները տարհանվել են փչովի սանդուղքով։ Ինքնաթիռում 95 մարդ կար։ Տուժածներ չկան։
Ավիաընկերությունում հայտնել են, որ բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը։ Պատճառը «քամին է եղել»։ «Կոմերսանտի» աղբյուրի խոսքով՝ քննությունը որպես վարկածներից մեկը դիտարկում է օդաչուի սխալը։ Հատկանշական է, որ մեկ ամիս առաջ այդ նույն Superjet-ը վնասել էր շասին վթարային վայրէջքի ժամանակ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Այն ժամանակ դա տեղի էր ունեցել հիդրոհամակարգի խափանման պատճառով։ Ինքնաթիռը կատարում էր Միներալնիե վոդի-Իվանովո չվերթը։