Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժի...

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը «Քաղաքական հալածանքները և ժողովրդավարության հետընթացը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտները հետընթաց են ապրում, իսկ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումները դարձել են համակարգային։

«Ժողովրդավարությունն ու իրավական երկիրը գնահատվում են ոչ թե հռչակված նպատակներով, այլ պետական ինստիտուտների անկախության, արդարադատության և հաշվետվողականության իրական պատկերով»,- նշեց նա։

Գալստյանի խոսքով՝ Հայաստանում իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության և փոխադարձ վերահսկողության սահմանները ջնջվել են։

«Դե ֆակտո բախվում ենք մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ»։

Նա անդրադարձավ ոստիկանության գործողություններին, կալանավորված անձանց իրավունքներին, քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմաններին, խոսքի և կրոնի ազատության սահմանափակումներին։

Գալստյանի ներկայացմամբ՝ 2025 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 24 դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն։ Նա նաև նշել է, որ այս պահին անազատության մեջ գտնվող 3276 քաղաքացիներից 1552-ը կալանավորվածներ են, իսկ դատարանները բավարարում են կալանքի միջնորդությունների 61 տոկոսը։

Պատգամավորի գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները։ Նա թվարկել է մի շարք ընդդիմադիր գործիչների անուններ՝ նշելով, որ նրանցից շատերն այսօր ազատության մեջ չեն կամ գտնվում են տնային կալանքի տակ։

«Նրանցից շատերն այստեղ պիտի լինեին, մինչդեռ կալանավայրում են կամ տնային կալանքի մեջ»,- ասաց Գալստյանը։

Նա անդրադարձավ նաև 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդող ամիսներին արձանագրված՝ ակտիվիստների, լրագրողների, փաստաբանների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումներին, խուզարկություններին, կալանավորումներին և այլ ճնշումներին։

Գալստյանը վկայակոչեց նաև ԵԽԽՎ-ի՝ 2026 թվականի սեպտեմբերի 22-ի զեկույցը՝ նշելով, որ դրանում անդրադարձ կա ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ իրավապահ մարմինների գործողություններին, ընտրովի իրավակիրառմանը և պատշաճ դատավարության երաշխիքներին։