«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավի երկրորդ օ...

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված «Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը սկսել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմամբ։  

Դաշինքի անդամները քաղաքացիների հետ հանդիպմանը կոչ են արել մասնակցել ընտրություններին, քանի որ դա իրական հնարավորություն է Երեւանում իշխանափոխության միջոցով հասնելու համապետական մասշտաբի իշխանափոխության։

Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը քաղաքացիներին ներկայացրել է իրենց գործողությունների հերթականությունը։

«Մեր ճանապարհային քարտեզը հետեւյալն է․ փոփոխություններ իրականացնելով Երեւանում՝ դուք հնարավորություն եք ունենում ստանալ մի պատկեր, որից հետո կարելի է արդեն գնալ համապետական մասշտաբով իշխանափոխության, ձեւավորել նոր կառավարություն եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուք արդեն կարող եք ձեւավորել այնպիսի իշխանություն, որն ունենա լեգիտիմ իրավունք ձեր անունից հանդես գալու»,-ասել է Թեւանյանը։

Դաշինքի անդամների եւս մեկ խումբ հանդիպումներ է անցկացնում Աջափնյակի ընտրողների հետ։ Երեկոյան՝ ժամը 18։00-ին, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կմիանա այդ խմբին եւ ծաղիկներ կխոնարհի Աջափնյակ համայնքի Լենինգրադյան-Հասրաթյան հատվածում գտնվող՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրում։