
Իլոն Մասկն առաջնորդվում է նրանով, որ ԱՄՆ կառավարության արդյունավետությունը բարելավելու իր ղեկավարած գերատեսչության (DOGE) առանցքային խնդիրներից մեկը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հրամանագրերի կատարումն ապահովելն է։ «Ես այստեղ եմ, որպեսզի տեխնիկական աջակցություն տրամադրեմ նախագահին»,- ասել է Մասկը Թրամփի հետ Fox News հեռուստաալիքով երեքշաբթի հեռարձակված հարցազրույցում։ «Սա իսկապես շատ կարեւոր է։ Որովհետեւ նախագահը ստորագրում է հրամանագրեր, որոնք շատ ողջամիտ են եւ ձեռնտու երկրին։ Բայց հետո դրանք չեն կատարվում»,- նշել է նա։ «Սա պետք է դադարեցվի: Հետեւաբար, DOGE աշխատակիցների համար ամենակարեւոր խնդիրներից մեկը նախագահի հրամանների իրական կատարումն ապահովելն է»,- ընդգծել է Մասկը։ «Միգուցե դա պատահում է բոլոր նախագահների հետ»,- դժգոհել է Թրամփը: «Դուք ստորագրում եք հրամանագիրը եւ կարծում եք, որ դա արված է»: Դա չի արվում: Դա [հրամանագիրը] չի կատարվում»։ Հանրապետականը խոստովանել է, որ իր հրամանների կատարմանը խոչընդոտում են ԱՄՆ գերատեսչությունների աշխատակիցները, որոնք նշանակվել են դեմոկրատ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախորդ նախագահի վարչակազմի օրոք։ «Նա վերցնում է իմ ստորագրած հրամանագիրը եւ մարդկանց ուղարկում ցանկացած բաժին»,- ավելացրել է Թրամփը՝ նկատի ունենալով Մասկի աշխատանքը որպես DOGE ղեկավար: Հանրապետականի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս ապահովել, որ ամերիկացի պաշտոնյաները կատարեն իր բոլոր հրամանագրերը։