
Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության գերատեսչությունը (DOGE. Department of Government Efficiency), հերքել է այն տեղեկությունը, որ կառույցի անվանումը կապված է Dogecoin կրիպտոարժույթի հետ, որը նա բազմիցս անվանել է իր սիրելիներից մեկը։ «Անվանումն իսկապես հիշեցնում է Dogecoin-ը, բայց դրանք տարբեր բաներ են: Ես սկզբում պլանավորել էի [գործակալությունն] անվանել կառավարության արդյունավետության հանձնաժողով, բայց դա չափազանց ձանձրալի էր հնչում: Ինտերնետն առաջարկեց DOGE, եւ ես համաձայնեցի։ Որքան ինձ հայտնի է, կառավարությունը չի նախատեսում օգտագործել Dogecoin-ը [հաշվարկներում]»,- ասել է Մասկը՝ ելույթ ունենալով Վիսքոնսին նահանգի ընտրողների առջեւ նահանգի գերագույն դատարանի ընտրությունների նախաշեմին, որոնք նախատեսված են ապրիլի 1-ին։ DOGE հապավումը հիշեցնում է Dogecoin կրիպտոարժույթի անվանումը, որը որպես կատակ ստեղծվել է 2013թ. ինժեներներ Բիլի Մարկուսի եւ Ջեքսոն Փալմերի կողմից կրիպտոարժույթների շուկայում չարաշահումները ծաղրելու համար։ Դրա խորհրդանշանը դարձել էր սիբա-ինու շունը, որն ինտերնետ-մեմ էր դարձել։ Մասկը հայտնի է Dogecoin-ի հանդեպ իր համակրանքով։ 2019թ. նա այն անվանել էր իր սիրելի կրիպտոարժույթներից մեկը, իսկ հիշատակումները դրա մասին իր ելույթներում եւ սոցցանցերում մշտապես արժեքի աճ են առաջացնում։ ԱՄՆ-ում 2024թ. նոյեմբերին նախագահական ընտրություններից հետո Dogecoin-ի գնանշումները բարձրացան ավելի քան 130 տոկոսով եւ նորից բարձրացան նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո հունվարի 20-ին, երբ նա Մասկին նշանակեց ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության ղեկավար։