Նախօրեին Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտաբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթը՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
NEWS.am–ի տեղեկություններով, վթարի պատճառ է դարձել ավտոբուսի արգելական համակարգի անսարքությունը․ վարորդը չի կարողացել արգելակել ավտոբուսն ու բախվել է գազատար խողովակին։
Վթարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի։ Նրանք Հովտաշատ և Սիփանիկ գյուղերի բնակիչներ են։ Գյուղերի վարչական ղեկավարները NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ բնակիչները մարմնական թեթև վնասվածքներ են ստացել, նրանք չեն հոսպիտալացվել, իրենց լավ են զգում։



